ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Քերին զմռսեց Ղարաբաղի հարցը

Քերին զմռսեց Ղարաբաղի հարցը
01.10.2016 | 10:04

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգտոնում ամենամյա համաժողովում հայտարարել է. «Այսօր աշխարհում կան մի քանի սառեցված հակամարտություններ, այդ թվում՝ ղարաբաղյան՝ Ադրբեջանի և Ղարաբաղի միջև, որոնց կարգավորման հնարավորությունները դեռևս չեն դիտարկվում, առաջին հերթին, որովհետև երկրի ղեկավարները պատրաստ չեն»: Նա ասել է՝ կոնֆլիկտները բարդ են, սակայն կարելի է դիտարկել դրանք՝ անցյալում թողնելու մեթոդները, եթե մարդիկ ընդունեն որոշ համալիր լուծումներ։ Ի՞նչ է դա նշանակում: Վերջ մադրիդյան սկզբունքների՞ն: Ավելի ճիշտ՝ կազանյան:

Թե՞ սառեցվում է վիճակը՝ մինչև լավագույն ժամանակներ, որ կգան հակամարտության կողմերում ընտրություններից հետո: Կամ՝ ավելի ուշ: Ջոն Քերին պարզապես լավ է հիշում ապրիլյան պատերազմը և բարձրաձայնում է, որ ԱՄՆ-ը դեմ Հարավային Կովկասում ևս Մերձավոր Արևելք ստանալուն: Նրա հայտարարության առաջին հասցեատերը այդ պարագայում դառնում է Կրեմլը և ստացվում է, որ պաշտոնավարման վերջին ամիսներին Ջոն Քերին որոշեց բարձրաձայնել այն իրողությունը, որ վաղուց ձևավորվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբում, բայց կողմերից որևէ մեկը հանձն չէր առնում հայտնիացնել՝ նախևառաջ ելնելով միջնորդական առաքելության շահերից: Համանախագահները միշտ հայտարարել են, որ իրենց պետությունների միջև այլ հարցերում կան տարաձայնություններ, բայց Լեռնային Ղարաբաղի հարցում նրանց տեսակետները համընկնում են:

Մինչդեռ Կազանի տարբերակի դեպքում բնավ այդպես չէր: Ինչո՞ւ էին մյուս երկու համանախագահները թույլ տալիս, որ Ռուսաստանը հետևողականորեն ուժեղացնի կոնֆլիկտի կողմերից մեկին՝ խախտելով ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում, ինչու՞ էին թույլ տալիս քաղաքական, տնտեսական ու ռազմական ճնշումները Հայաստանի վրա և, վերջապես, ինչպե՞ս հնարավոր դարձավ ապրիլյան քառօրյա պատերազմը: Նրանց պետք էր Ռուսաստանին ապացուցել, որ իր միանձնյա ջանքերը ձախողվա՞ծ են: Բաքուն մի քանի տարի հայտարարում էր, որ պատրաստ է հարցի ռազմական լուծման, որ ստատուս քվոն այլևս անընդունելի է և պետք են սուբստանտիվ բանակցություններ: Քառօրյա պատերազմը կազանյան տարբերակի բանակցային ավարտն էր, նաև՝ ռազմական:


Պատերազմից առաջ ու քառօրյայի օրերին Մոսկվան խաղաց Ադրբեջանի կազմում, իսկ հետո որոշեց վերստանձնել հաշտարար դատավորի դերը, երբ տեսավ, որ Բաքուն չի արդարացնում իր բարձր վստահությունը ու իբրև արդյունք՝ Հայաստանին վաճառեց զենքեր, որով Երևանը կարող է ոչ միայն Բաքուն գրոհել, այլև շուրջբոլորը ավերածություն սփռել: Զենքեր, որ հասկանալի պատճառներով, չեն կրակելու: Համենայն դեպս՝ առաջինը:
Ինչո՞ւ Քերին հիմա արեց այդ հայտարարությունը և նշանակու՞մ է դա, որ ՄԽ ԱՄՆ համանախագահը հետայսու էլ ջատագովելու է Վիեննայի համաձայնությունների կատարումը, որոնք թե բանակցային պայմաններ են ապահովում, թե դառնում են Բաքվի ու Ստեփանակերտի ներկա սահմանի օրինականացում, որին Մոսկվան ավելի շատ է դիմադրում, քան, թերևս, Բաքուն: Ու՝ ընդհանրապես՝ ինչի՞ շուրջ այլևս բանակցել:

Հավելեք նաև, որ Սիրիայում զինադադարի հաստատման ռուս-ամերիկյան համաձայնությունը ձախողվեց և նույն Ջոն Քերին իր լավ բարեկամ Սերգեյ Լավրովին գրեթե սպառնաց, որ ԱՄՆ-ը դադարեցնում է Ռուսաստանի հետ համագործակցությունը: Ո՞րն է լինելու ԱՄՆ-ի հաջորդ քայլը: Բարաք Օբամայի նախագահության ընթացքում, թերևս, ոչինչ: Հիլարի Քլինթոնի ընտրության պարագայում կարող է գալ պահ, երբ ԱՄՆ-ը ճանաչի ԼՂՀ անկախությունը՝ Ջոն Քերին այդ հիմքերը արդեն դրեց:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Մոսկվան գրեթե սեփական ծուղակում հայտնվեց՝ երկրորդ ՛՛ապրիլյան պատերազմը՛՛ կվերածվի տարածաշրջանային բախման, որի հետևանքները ոչ ոք չի կարող կանխատեսել, մնում է վերադառնալ ելման դրություն, ինչը և առաջարկել է ԱՄՆ պետքարտուղարը: Նա նաև ասել է, որ նախագահները լուծման պատրաստ չեն, որ ընդամենը Հայաստանում ու Ադրբեջանում հանրաքվեաընտրական իրավիճակի հիշեցումն է, որի ավարտը ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում չի ավարտվում ինչ-որ ձևական հանրաքվեով ու կամ ընտրությամբ: Բաքվում հաստատվում է Ալիևների դինաստիայի ցմահ իշխանության իրավական հիմքը, որի հետևանքները այնքան էլ միանշանակ չեն ու կարող են վտանգավոր դառնալ ոչ միայն ավագ ու կրտսեր Ալիևների, այլև պետության ապագայի առումով: Հայաստանին մնում է տնտեսական հեղափոխությունը, որի համար իսկապես համակարգային փոփոխություններ են պետք, իսկ համակարգային փոփոխություններ իշխող համակարգը երբեք չի անում:

Դիտվել է՝ 2263

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ